Հայոց գյուղական մշակույթի հիմնական համալիրները
Ուսումնական ձեռնարկը նվիրված է հայոց գյուղական մշակույթի ավանդական և ժամանակակից հիմնական համալիրներին՝ երկրագործական, անասնապահական, տնայնագործական, արհեստագործական, յուրացնող և օժանդակ մշակույթներին, ժողովրդական ավանդական փոխադրության և կապի միջոցներին, դրանց ծագման վաղնջականության, զարգացման մակարդակի, ազգային ավանդույթներով, պատմաքաղաքական իրողություններով, հարևան ժողովուրդների հետ ունեցած շփումներով և այլ գործոններով պայմանավորված նվաճումներին և առանձնահատկություններին:
Ուսանողին ներկայացվում է գյուղական մշակույթների աղբյուրագիտական հենքը՝ հնագիտական հարուստ գտածոներ, ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ, գրավոր սկզբնաղբյուրների՝ հին հունական և հռոմեական ու հայ միջնադարյան պատմագրության, օտար ճանապարհորդների բազմահարուստ տեղեկությունները, XIX-XX դդ. ցարական Ռուսաստանի տեղեկատվական ժողովածուների, դաշտային ազգագրական հետազոտությունների, մասնագիտական գրականության տվյալները: