Դիմակայող քաղաքական համակարգերը հիբրիդային պատերազմների և խաղաղության խաչմերուկներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա)
Սույն կոլեկտիվ մենագրությունը Քաղաքական համակարգի կայունության ինդեքսի մեթոդաբանությամբ կատարված համեմատական վերլուծություն է տարածաշրջանի երկրների քաղաքական համակարգերի վերաբերյալ։ Մասնավորապես դիտարկված են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքական կայունության միտումներն ու փոխակերպումները։ Երկրների ընտրությունը պայմանավորված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական բարդ զարգացումներով, դերակատարների նոր նախաձեռնություններով և ուժերի վերադասավորությամբ։ Աշխատանքը ներառում է ինչպես ներերկրային, այնպես էլ միջերկրային վերլուծություններ։ Ներերկրային վերլուծությունն ընդգրկում է տարածաշրջանի երկրների կայունության քաղաքական, տնտեսական և սոցիալական գործոնների համակողմանի ուսումնասիրությունները 2000-2021/2022 թվականներին։ Միջերկրային վերլուծության շրջանակում դիտարկվում են 2022 թվականի քաղաքական կայունության համեմատական ցուցանիշներն ըստ նշված երկրների։ Հետազոտությունը նախատեսված է համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների գիտնականների, փորձագետների և ուսանողների համար: