Հայ նոր գրականության պատմություն
Հայ ուսանողությունն ունի հին ու նորագույն շրջանների հայ գրականության դասագրքեր, սակայն XVIII դարավերջից մինչև XX դարի առաջին տասնամյակներն ընդգրկող և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված, այսօրվա բուհական ծրագրերին ու ուսումնական գործընթացով նախատեսված ժամաքանակին համապատասխանող հայ նոր գրականության պատմության բուհական դասագիրք կամ ձեռնարկ չի ունեցել ո՛չ խորհրդային, ո՛չ էլ հետխորհրդային շրջաններում:
Սույն ուսումնական ձեռնարկն ստեղծվել է՝ լրացնելու այդ բացը և բավարարելու ուսանողության արդար պահանջը: Այն հիմնված է հայ գրականագիտության նվաճումների և գեղարվեստական արժեքների գնահատման արդի չափանիշների, ինչպես նաև գիտամանկավարժական երկարամյա գործունեության ընթացքում հեղինակի մշակած դասախոսությունների վրա:
Ձեռնարկը հասցեագրված է ՀՀ բուհերի ուսանողությանը, ուսուցիչներին և հայ գրականության ու մշակույթի պատմության հարցերով հետաքրքրվողների լայն լսարանին: