2024 թ․ հուլիսի 19-ին Իջևանի շատրվանների հրապարակում մեկնարկեց «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը, որի շրջանակներում նախատեսված էր իրականացնել մի շարք միջոցառւմներ՝ ցուցահանդես-վաճառք, փահլևանի ցուցադրական ելույթ, համերգային ծրագիր, բակային խաղեր, կինոդիտում, արվեստի գործերի ցուցադրություն։ Իրենց տաղավարներով փառատոնին ներկայացված էին Իջևան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը, ինչպես նաև գործող կազմակերպությունները՝ իրենց ներկայացուցչական կազմերով։ Փառատոնին ներկա էին բազմաթիվ հյուրեր, պաշտոնատար անձինք, զբոսաշրջիկներ։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը փառատոնին մասնակցեց առանձին տաղավարով, որը հյուրերին ներկայացրին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ․ Աղաբաբյանը, «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրի թիմի ներկայացուցիչներ Վ․ Պողոսյանը և Ն․ Գրիգորյանը։
ԵՊՀ ԻՄ տաղավարում ցուցադրված էին Կիրառական արվեստի ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, ասեղնագործություն, մաքրամե և այլն) աշխատանքներ, «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրին շրջանակներում պատրաստված Իջևանի կենտրոնի և արտադրական թաղամասի դետալացված և եռաչափ մոդելավորված պատկերները, որոնք մեծապես տպավորեցին փառատոնի այցելուներին։
«Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, բացի հետազոտական աշխատանքից, իրականացվել էր քաղաքի և նրա առանձին հատվածների եռաչափ մոդելավորումը, որտեղ դետալացված էին քաղաքի կենտրոնի և հրապարակների ձևավորման փորձառությունը, ճարտարապետական խնդիրները և լուծումները: Հավելենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում։