ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեց «Խաղաղության գրադարակ» նախագիծը

ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեց «Խաղաղության գրադարակ» նախագիծը

 

2019-20 ուստարվա I կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համատեղ ջանքերով ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել էր «Հակամարտությունների փոխակերպում» խորագրով հնգօրյա դասընթացը, որին մասնակցել էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների երկու տասնյակ ուսանողներ:

Դասընթացի տեսական մասը վարել է ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը, իսկ գործնական մասը՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը:

Դասընթացի վերջում նախատեսված էր իրականացնել երկու փոքրածավալ դրամաշնորհային նախագիծ, որոնցից մեկը «Խաղաղության գրադարակն» էր:  Մասնաճյուղի գրադարանի գրադարակներից մեկը համալրվեց ավելի քան քսան քաղաքագիտական, խաղաղաշինական և գեղարվեստական գրքերով, որոնք նոր և ընթերցողների կողմից պահանջված հրատարակություններ են:

2019թ. դեկտեմբերի 19-ին ծրագրի ամփոփման շրջանակներում մասնակիցները քննարկեցին տվյալ և համանման այլ ծրագրերի զարգացման հեռանկարները:

Ծրագրի մասնակիցների առաջարկությամբ այն կիրականացվի նաև համալսարանական շրջանակներից դուրս՝ սահմանամերձ համայնքների երիտասարդությանը ևս հնարավորություն տալով տեղում մասնակից դառնալու ծրագրին:

Հավելենք, որ 2020 թվականին նախատեսված են ևս երկու հնգօրյա դասընթացներ, որոնց հնարավորություն ունեն մասնակցելու 18-25 տարեկան անձինք: