ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Միտք և բանք» գրքի շնորհանդեսը

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Միտք և բանք» գրքի շնորհանդեսը

 

2019թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄի գրադարանում կայացավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Միտք և բանք» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, Տավուշի թեմի առաջնորդարանի, մարզպետարանի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր, գրասեր հասարակության անդամներ:

Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ շնորհավորելով գրքի հեղինակին ու շնորհանդեսի մասնակիցներին, ընդհանուր գծերով ներկայացնելով գիրքը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Միտք և բանք» աշխատությունն ամփոփում է Սրբազան Հոր՝ հանրային ու հովվական կյանքում կատարած ամենատարբեր անդրադարձները, որոնք գրքում զետեղվել են «Վերլուծական», «Մտորումներ» և «Հարցազրույցներ» ենթավերնագրերի ներքո»:  

Շնորհավորանքի և գնահատանքի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ, բ.գ.թ., ասիստենտ Մուշեղ Սարուխանյանը, բ.գ.թ., դոցենտներ Աիդա Սարհատյանը և Ալիսա Հասանյանը:

Սրբազան Հոր հեղինակային բանաստեղծություններով հանդես եկան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհիներ Արմիդա Բաղիյանը («Յո երթաս, մա՛րդ»), Լուսինե Հակոբյանը («Թո՛ղ այս գիշեր») և Նինա Հարությունյանը («Լույս առավոտ»), իսկ գրքի մասին հետաքրքիր վերլուծական խոսքով ներկայացավ նույն մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Գոհար Մխիթարյանը:

«Միտք և բանք» աշխատության վերաբերյալ մանրամասն վերլուծությամբ հանդես եկավ Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը՝ հանգամանորեն անդրադառնալով գրքի ընդգրկուն բովանդակությանը, երեք բաժիններին, դրանցում արծարծված հիմնական խնդիրներին: Նա մասնավորապես նշեց, որ «Վերլուծական» բաժնում Սրբազան Հոր ուսումնասիրությունները և ուղենիշ­ներն են տարաբնույթ արդիական հարցերի առնչությամբ, ինչպես, օրինակ, «Եկեղեցի և ընտանիք (հոգևոր, բարոյագիտական, կենսաէթիկական հայացք)», «Եկեղեցի և կրթություն, գիտություն և մշակույթ», «Եկեղեցի և առողջապահություն», «Եկեղեցի և տնտեսություն», «Հայաստանի չծնվող մայրերը» և այլն: «Մտորումներ» բաժինն ընդգրկում է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝ տվյալ պահի հոգեվիճակն ու իրավիճակն արտահայտող որոշ մտորումներ: 2013 թվականից ի վեր Բագրատ Սրբազանի տված բազմաթիվ հարցազրույցներից մի քանիսն ընտրված և ներկայացված են գրքի երրորդ՝ «Հարցազրույցներ» բաժնում:

Այնուհետև Ելույթ ունեցավ «Միտք և բանք» գրքի հեղինակը՝ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ շնորհակալություն հայտնելով շնորհանդեսի բոլոր մասնակիցներին, ելույթ ունեցողներին ու կազմակերպիչներին՝ գրքի ջերմ ընդունելության, շնորհավորանքի ու բարձր գնահատանքի համար: «Գիրքը պիտի ունենա նպատակ: Վերջնարդյունքում մեր նպատակն այն է, որ ՀՀ քաղաքացիները լինեն ազատ, հասարակությունը՝ արդար, ժողովուրդը՝ աստվածապաշտ: Մենք անդրադարձել ենք կյանքի բոլոր բնագավառներին՝ բնապահպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակույթ և այլն, քանի որ, մեր համոզմամբ, այդ բոլորի հիմքը հոգևորն է»,- ընդգծեց Սրբազան Հայրը:

Ապա Բագրատ եպիկոպոս Գալստանյանը շնորհանդեսի մասնակիցներին իր մակագրությամբ գրքեր նվիրեց, որին հաջորդեց հյուրասիրություն: