2019թ. դեկտեմբերի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից հրատարակված «Լևոն Շանթ. Մարդը և գործիչը», Վարդգես Ահարոնյանի «Անդրանիկ. Մարդը և ռազմիկը», «Յովհաննէս Թումանեան. Մարդը և բանաստեղծը» գրքերի շնորհանդեսը, որը կազմակերպվել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ու Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Վարդան Ալեքսանյանը՝ մասնավորապես նշելով. «Համազգային հայ կրթական և մշակութային միությունը իր հիմնադրման օրից նպաստել ու նպաստում է հայապահպանությանը հայրենիքում և հայրենիքից դուրս: Արժեհամակարգային փոփոխությունները, գլոբալիզացիայի գործընթացները դարձնում են ազգային մշակութային կապերը երկրորդային, համընդհանուր մշակութային կապերի մաս, և մեր ազգային արժեհամակարգի պահպանության, մատաղ սերնդի դաստիարակության հարցում հսկայական դերակատարում ունի Համազգայինը՝ իր հայրենանվեր գործունեությամբ»:
Համազգային հայ կրթական և մշակութային միության գործունեության, ապագային միտված ծրագրերի մասին խոսեց երևանյան գրասենյակի ատենապետ Ռուզան Առաքելյանը: Նա իր խոսքում ընդգծեց, որ 1928 թվականին Լևոն Շանթի կողմից հիմնադրված Համազգային հայ կրթական և մշակութային միությունն այսօր էլ շարունակում է իր ակտիվ ներկայությունը հայրենիքում և սփյուռքում՝ հանձնառելով պահպանել ու զարգացնել հայ մշակույթն ու կրթական միջավայրը: 2019 թվականն իսկապես բեղուն էր երևանյան գրասենյակի համար, որովհետև տպագրվեց միաժամանակ երեք գիրք՝ «Լևոն Շանթ. Մարդը և գործիչը», Վարդգես Ահարոնյանի «Անդրանիկ. Մարդը և ռազմիկը», «Յովհաննէս Թումանեան. Մարդը և բանաստեղծը», որոնք մեծապես կնպաստեն վերոնշյալ ազգային գործիչների մասին ընթերցողների կողմից ամբողջական պատկերացման ձևավորմանը: Առանձնապես կարևորվեց Վարդգես Ահարոնյանի գրքերի վերահրատարակությունը, որովհետև մինչ այդ հրատարակությունը հայաստանյան մտավորականությունը լիատեղյակ չէր Վարդգես Ահարոնյան գրողի գրական ստեղծագործություններին ու գրչին:
«Անկախության գաղափարը Լ.Շանթի մեկնաբանմամբ» խորագրով զեկուցում կարդաց պ.գ.դ., պրոֆեսոր, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի դասախոս Խաչատուր Ստեփանյանը: Բանախոսն ընդգծեց, որ Լ.Շանթի «Մեր անկախությունը» աշխատությունը հայկական հարցի լուծման տեսական հիմնավորման փայլուն օրինակ է: Ըստ Շանթի՝ անկախությունը նախ և առաջ կամքերի ընդհարում է, շահերի բախում, և այն տարբեր կերպ է շոշափվում ազգերի կողմից: Որևէ ազգի անկախությունը կարող է բխել տվյալ ազգի և այլ ազգերի շահերից, սակայն միաժամանակ կարող է նպատակահարմար չհամարվել ուրիշ ազգերի համար: Հետևաբար՝ յուրաքանչյուր ժողովուրդ կարող է խանգարել կամ նպաստել տվյալ ազգի անկախության ձեռքբերմանը: Լևոն Շանթը սխալ է համարում անկախություն ակնկալելը՝ սոսկ միջազգային ատյանների վրա հույս դնելով, միևնույն ժամանակ խելամիտ չի համարում այդ ատյանների դերն անտեսելը: «Շանթը եզրահանգում է այն ճշմարտությանը, որ մենք պետք է ի զորու լինենք տեր կանգնել մեր անկախությանը, իսկ անկախությունը ձեռք է բերվում երկարատև, համառ մաքառումների շնորհիվ, – նշեց պարոն Ստեփանյանը: – Եվ եթե մեզ չհաջողվի ձեռք բերել կամ պահպանել մեր անկախությունը, ապա մենք իրավունք չունենք ապրելու որպես ինքնուրույն ժողովուրդ»:
«Հովհաննես Թումանյան. Մարդը և բանաստեղծը» թեմայով հետաքրքիր զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դեցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը: Սեղմ անդրադառնալով գրքի հեղինակ Վարդգես Ահարոնյանի կենսագրությանը, հասարակական-քաղաքական և ստեղծագործական ուղուն՝ բանախոսը նշեց. «Ընտանեկան միջավայրը, հոր հասարակական-քաղաքական գործունեությունը, Թիֆլիսի հայ մտավորականության հետ ունեցած մտերմությունը դեռ պատանեկան տարիներից հնարավորություն է տվել, որ հեղինակը ճանաչի մեծերին և տարբեր իրավիճակներում առնչվի նրանց հետ: Այս հիիշողությունները տարիների հեռավորությունից դարձել են հուշապատում, որոնց մեջ իր գրականագիտական ասելիքով, իսկապես խոր ու համապարփակ մեկնաբանություններով աչքի է ընկնում «Հովհ. Թումանյան. մարդը և բանաստեղծը» գիրքը»: Տիկին Հասանյանի համոզմամբ՝ Ահարոնյանի աշխատությունն ունի դաստիարակչական, ճանաչողական և դասագրքային արժեք: Հեղինակն իրադարձությունների գունեղ նկարագրություններով բացահայտում է Մեծ լոռեցու խառնվածքը, հարաբերություններն ընտանիքի ու միջավայրի հետ, առանձին գործերի վերլուծության միջոցով ներկայացնում գրական վաստակը՝ կարևորելով գեղարվեստական բովանդակությունն ու տաղանդի մեծությունը:
«Ռազմառաջնորդի կերպարը Վարդգես Ահարոնյանի մեկնությամբ» թեմայով զեկուցում կարդաց գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, ով մասնավորապես նշեց. «Յուրաքանչյուր սերունդ նախապատրաստում է իրեն բնորոշ հերոսների ծնունդը և գիտակցում ու արժևորում է նրանց գործողությունների այն համագումարը, որոնք դիտվում են իբրև հերոսության և հերոսականության դրսևորումներ: Ավելին՝ երբ արտաքին ու ներքին մարտահրավերների մեծացմանը զուգընթաց նվազում է դիմակայելու հավաքական կամքը, ազգերն իրենք են զգում վառ անհատականությունների ու հերոսների կարիքը: Անդրանիկը հենց այն կերպարն էր, որ ժամանակի հետ կրում էր ժամանակի շունչը, մեր հավաքական և բարոյական ներկայությունը մեկ մարդու մեջ»:
Այնուհետև ելույթ ունեցավ գրող, հրապարակախոս, կինոռեժիսոր Արտաշես Շահբազյանը: Անդրադառնալով Վ.Ահարոնյանին և նրա նորահրատարակ գրքերին՝ բանախոսը նշեց. «Վարդգես Ահարոնյանն այն սերնդի ներկայացուցիչներից էր, ովքեր աշխարհի առջև մի մեծ «մեղք» ունեցան, ինչի համար հալածվեցին, սպանվեցին՝ նաև որպես հիշողություն դատապարտվելով կորստի: Այդ «մեղքը» իրենց հայրենասիրությունն էր, հայոց պետականություն կերտելու տեսիլը: Այդ առաքելությամբ իրենք աշխարհ եկան, ստեղծեցին այս Հայաստանը և դատապարտվեցին հալածանքի, գանահարման և մոռացության: …Ճշմարտությունը կարելի է յոթ փականի տակ պահել, փոսի մեջ խորը թաղել, բայց ի վերջո չի կարելի անհետացնել, և Վ.Ահարոնյանի անվան վերադարձը հենց այդ մասին է փաստում»: Ա.Շահբազյանի խոսքով՝ Վ.Ահարոնյանի գործերը լավագույն սկզբնաղբյուր կարող են ծառայել ուսումնասիրողների համար, քանի որ դրանք ստեղծված են դեպքերի և իրադարձությունների, հայ ժողովրդի համար ողբերգական, բախտորոշ և ճակատագրական շրջափուլերի ականատեսի գրչով:
Շնորհանդեսի ժամանակ պարոն Շահբազյանի «Ես կգնամ» խորագրով վերջին ժողովածուի օրինակները նվիրվեցին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին:
Վերջում բանախոսներն ընդգծեցին, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ. Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հնարավորությունների սահմաններում ԵՊՀ ԻՄ-ին կտրամադրի իր հրատարակած գրքերը, մասնաճյուղի հետ կնախաձեռնի այլ գիտական և հանրամատչելի միջոցառումներ: