2019թ. ապրիլի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունների քննարկումը, որը վարեց գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը: Նա իր ելույթում ներկայացրեց Խաչիկ Մանուկյանի գրական ավանդը, նրա ձեռքբերումները գրական ասպարեզում:
Վ.Պողոսյանը մասնավորապես նշեց. «Խաչիկ Մանուկյան գրող-հրապարակախոսը ծնվել, ապրել և ապրում է Էջմիածնում, իր աշխարհի կենտրոնը համարում է Էջմիածինը: 1991 թվականից ՀԽՍՀ գրողների միության անդամ է, 1992 թվականից՝ ՀՀ գրողների միության անդամ: Իր բազմամյա գրական գործունեության ընթացքում ստացել է բազմաթիվ մրցանակներ, որոնցից կարելի է նշել «Ոսկե եղեգ» 1999, ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակի կրկնակի դափնեկիր լինելը և այլն: Բազմաթիվ գրքերի և ծողովածուների հեղինակ է: 2016 թվականին «Զանգակ» հրատարակչությունը լույս ընծայեց Խ.Մանուկյանի ստեղծագործությունների քառահատորյակը: Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, վրացերեն, լերեհերեն և այլ լեզուներով: Հիրավի, մեծ է Խաչիկ Մանուկյանի ավանդը հայ ժամանակակից պոեզիայի ձևավորման և զարգացման ասպարեզում»:
Այնուհետև Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունները գրականագիտական վերլուծության ենթարկեցին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Աիդա Սահրատյանը, Ալիսա Հասանյանը: Քառահատորյակի առաջին հատորը վերլուծեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Գոհար Մխիթարյանը, առանձին բանաստեղծություններ ընթերցեցին Տաթևիկ Այվազյանը, Արփինե Բեգինյանը,Արմիդա Բաղյանը, աշակերտ Արթուր Աբազյանը:
Ներկաները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղելու Խաչիկ Մանուկյանին:
Ելույթ ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ մասնավորապես նշելով. «Խաչիկ Մանուկյանի արյունն ու գրիչը նույն գույնն ունեն. նրա կյանքը և ապրումները, զգացումներն ու մտածումները մշտապես արտացոլվել են ստեղծագործությունների մեջ»:
Քննարկման վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց Խաչիկ Մանուկյանին և հույս հայտնեց հաջորդիվ ևս կազմակերպել նման հանդիպումներ: