Փետրվարի 19-ը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Այդ օրը հատկապես մարզային ու դպրոցական գրադարաններին նոր հրատարակված գրքեր են նվիրում Գրողների միությունը, հրատարակչությունները, գրական հանդեսներն ու պարբերականները, տարբեր այլ կազմակերպություններ:
Իրար գրքեր նվիրելու գեղեցիկ ավանդույթը տարեցտարի ավելի է ամրապնդվում և ընդլայնվում:
Գիրք նվիրելու տոնը նշելուց բնականաբար անմասն չմնաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանը:
Այս տարի ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանի նախաձեռնությամբ իրականացվեց «Իմ գրադարանից մեր գրադարանին» կարգախոսով համացանցային ֆլեշմոբը, որի շրջանակներում գրքասեր հասարակության անդամները հանդես եկան իրենց կողմից նվիրաբերության համար նախատեսված գրքերի հրապարակումներով:
Վ.Պողոսյանի խոսքով՝ գիրք նվիրելու օրը բացառիկ նշանակություն ունի ընթերցող-գրադարան կապի ամրապնդման առումով. այն ավելի է ընդգծում գրքի և գրադարանի նշանակությունը: Լավագույն նվերը գիրքն է, իսկ գիրք նվիրելը՝ առաքելություն, գիրքը մեր հոգևոր զարթոնքի գրավականն է, ի վերջո, հիրավի, մենք այն ենք, ինչ կարդում ենք: