ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ > «Մշակ լրագիրը որպես առօրեականության-հասարակական գործընթացների ուսումնասիրության սկզբնաղբյուր» թեմայով բանախոսություն

«Մշակ լրագիրը որպես առօրեականության-հասարակական գործընթացների ուսումնասիրության սկզբնաղբյուր» թեմայով բանախոսություն


2024 թ. դեկտեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Մշակ լրագիրը որպես առօրեականության և հասարակական գործընթացների ուսումնասիրության սկզբնաղբյուր» թեմայով բանախոսություն, որը վարեց համանուն դրամաշնորհային ծրագրի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը: Բանախոսությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ վարչական անձնակազմի անդամներ, դասախոսներ և ուսանողներ:

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ ֆինանսական աջակցությամբ՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում (ծածկագիր՝ 23-YSSS-017):

Անդրադառնալով հետազոտական ծրագրի իրականացմանը և արդյունքներին՝ Վ․ Պողոսյանը նշեց, որ հետազոտության նպատակն է պարբերական մամուլի մեկ միջոցի («Մշակ» թերթ) տված տեղեկույթի վերլուծությամբ ամբողջացնել Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի՝ 20-րդ դարասկզբի առօրեականության հիմնախնդիրները: Այդ նպատակին հասնելու համար հետազոտողներն իրենց առջև դրել են հետևյալ խնդիրները՝ ուսումնասիրել ժամանակաշրջանի ժողովրդագրական գործընթացների դինամիկան Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի հայաբնակ գյուղական համայնքներում, բնակչության առօրեականության դրսևորումները, նյութական ապահովության առանձնահատկությունները, բնական և արհեստական դժվարություններին ադապտացվելու ուղիները, բնութագրել 1900-1910-ական թվականների տեղաբնակների առօրեականությունը բնորոշող հանրային, կրոնական, ինչպես նաև քաղաքական իրողությունները, նրանց պատկերացումները տարաբնույթ գործընթացների, կրոնի, կրթության վերաբերյալ: Բանախոսը նշեց, որ հետազոտության համար առանձնացվել են «Մշակ»-ի ավելի քան հազար հինգ հարյուր հոդվածներ և նամակներ, որոնց հեղինակները կա՛մ ղազախահայերն են (ժամանակակից Տավուշի մարզի բնակավայրերի), կա՛մ էլ «Մշակ» թերթի հոդվածագիրներն են անդրադառնում տարածաշրջանի խնդիրներին:

Ներկայացվեց, որ հետազոտության ընթացքում կիրառվել են մի շարք մեթոդներ ու սկզբունքներ, որոնք նպաստել են հետազոտական թեմային առանչող հարցերի բացահայտմանը և ուսումնասիրությանը: Հատկապես կարևորվել է սոցիալ-մշակութային սկզբունքը, որ հնարավորություն է տվել բացահայտել Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի հայ բնակչության առօրեական սկիզբը՝ հասարակական, տնտեսական, քաղաքական, սովորութային գործոնների միահյուսմամբ:

Ինչպես նշեց Վ. Պողոսյանը, հետազոտության արդյունքներն ամփոփվել են տպագրված և տպագրության ուղարկված չորս հոդվածներում, որոնցից մեկն ուղարկվել է ազդեցության գործակցով հանդեսում տպագրության համար:

Բանախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի փոխտնօրեն Մ. Օթարյանն անդրադարձավ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը և նշեց, որ պարբերաբար տեղեկացվել է հետազոտության ընթացքի, ձեռքբերումների, հետաքրքիր փաստերի բացահայտման մասին, և կարևորեց նմանօրինակ հետազոտությունների իրականացումը ոչ միայն տարածաշրջանի պատմական անցյալի ուսումնասիրության տեսանկյունից, այլև որպես ձևաչափ այլ տարածաշրջանների առօրեական խնդիրների ուսումնասիրության համար: Վերջում փոխտնօրենը և ներկաները շնորհակալություն հայտնեցին հետազոտական թիմին՝ կարևորելով նման ծրագրերի իրականացումն ու հանրայնացումը: