ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին նվիրատվություն Գյումրիում Ռուսական տան և Ա.Սոլժենիցինի անվան ռուսական սփյուռքի կենտրոնի կողմից

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին նվիրատվություն Գյումրիում Ռուսական տան և Ա.Սոլժենիցինի անվան ռուսական սփյուռքի կենտրոնի կողմից

Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական սփյուռքի կենտրոնը (Дом русского зарубежья имени Александра Солженицына), Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ սերտ համագործակցությամբ, զբաղվում է ռուսալեզու գրականության տարածմամբ աշխարհով մեկ, այդ թվում`Հայաստանում:

2021թ. սեպտեմբերի 24-ին Գյումրիում Ռուսական տան ղեկավարի պաշտոնակատար (Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի գրասենյակի մասնաճյուղ) Անտոն Բերյանևը Ալ. Սոլժենիցինի անվան ռուսական սփյուռքի կենտրոնի կողմից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանին նվիրաբերեց շուրջ 300 միավոր պատմագիտական և գրականագիտական, դասական և ժամանակակից գրականություն:

Անտոն Բերյանևը հույս հայտնեց, որ այս խոստումնալից, խոշոր նախագիծը կշարունակվի ապագայում և ռուսագիտության տարածման գործում կիրացնի իր առաքելությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը շնորհակալություն հայտնեց գրքերի և համագործակցության համար:

Գյումրիում Ռուսական տան Տավուշի կոնտակտային կենտրոնի ղեկավար Մարատ Զուրաբյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին ցուցաբերվող ուշադրության համար: Նա նշեց, որ Տավուշի մարզում Կոնտակտային կենտրոնը գործում է արդեն 10 ամիս, որի ընթացքում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանն իր գոհունակությունը հայտնեց Գյումրիում Ռուսական տանը և Ա.Սոլժենիցինի անվան ռուսական սփյուռքի կենտրոնին՝ մասնավորապես նշելով. «ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը հանձնառու է իր ընթերցողին մոտեցնել ոչ միայն հայկական, այլև ռուսական գրականությանը, և այս խոշոր նվիրատվությունը խոստումնալից հիմքեր է ձևավորում ռուսագիտության, Ռուսաստանի պատմության լուսաբանման և մատուցման առաքելության ճանապարհին: Շնորհակալ ենք  նման վերաբերմունքի և տարածաշրջանային բուհի գրադարանի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար»:

Վերջում հանդիպման մասնակիցները ներկայացրին համագործակցության խորացմանը վերաբերող իրենց գաղափարները: