Պետրոս Դուրյան․ կյանքը և գործը
Մենագրությունը առաջին անգամ լույս է տեսել 1972-ին ակադ. Էդ. Ջրբաշյանի խմբագրությամբ և իր փաստական առատությամբ ու ճշգրտությամբ անգերազանցելի տեղ է գրավել վաղամեռիկ հանճարի՝ Պետրոս Դուրյանի կյանքի և գործի ուսումնասիրության տիրույթում։ Սկզբնաղբյուրի արժեք ունեցող այս աշխատությունը դուրյանագիտության յուրօրինակ ամփոփումն է. այն մեծ բանաստեղծին՝ «Սկյուտարի սոխակին», ներկայացնում է ոչ միայն իր ժամանակի մեջ, այլև հայ և համաշխարհային քնարերգության ու թատրերգության զարգացման ընդհանուր համապատկերում։
Մենագրության վերահրատարակման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, քանի որ այն կարող է օգտակար լինել ինչպես այսօրվա ու վաղվա ուսանողությանը, ասպիրանտներին և ուսուցիչներին, այնպես էլ գրականության մասնագետներին և առհասարակ գրականությամբ հետաքրքրվող ընթերցող լայն հանրությանը։
